25 մայիսի 2010 - 15:39 AMT
Երիտասարդության պալատի տեղում վեր կխոյանա ճապոնացի ճարտարապետի նախագծած շինությունը

Միջազգային բաց ճարտարապետական մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի Կիյոկազու Արային` Arai Architects ընկերության տնօրենը: Այդ մասին հայտնել է ծրագրի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մայիսի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Մրցույթի ժյուրին մեծ և դժվարին աշխատանք է կատարել և երկօրյա քննարկումներից հետո միաձայն ընտրել է հաղթողին` Arai Architects ընկերությանը»,-ասել է Լևոն Վարդանյանը` հավելելով, որ հիմնական պայքարը գնում էր երկու աշխատանքների միջև` Arai Architects ընկերության և ֆրանսիական երկու` Agence search և Series et Series ընկերությունների միջև, որոնց աշխատանքներն արժանի էին առաջին տեղի:

Կիյոկազու Արայի նախագիծը ներառում է հյուրանոց, գործարար կենտրոն և բնակարանային համալիր, որ կկառուցվի նախկին Երիտասարդական պալատի տեղում: Համալիրի ամենաբարձր շենքը կլինի 101-մետրանոց «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը:

«Այդ շենքը կլինի Երևանի ամենաբարձրահարկ կառույցը: Մինչ այդ քաղաքի ամենաբարձր շինությունը Երիտասարդության պալատն էր»,-ասել է մրցույթի պատվիրատու, «Ավանգարդմոթորս» ընկերության ղեկավար Էդուարդ Ավետիսյանը: Նա հայտնեց նաև, որ վերջնական մշակման արդյունքում նախագիծը կներկայացվի Քաղաքաշինության խորհրդին, որի թույլտվությունը ստանալուն պես շինարարությունը կսկսվի: Աշխատանքի հանձնման մոտավոր ժամեկտը` 3-4 տարի է: Ներդրումային ծրագիրը կկազմի շուրջ 200 մլն դոլար:

Նախագիծը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ շինարարական աշխատանքներին կմասնակցեն հայաստանցի շինարարներ:

Միջազգային բաց ճարտարապետական մրցույթը պետք է մեկ փուլ ունենար: Սակայն, 2010թ. հունվարի 24-ին ժյուրին չկարողացավ որոշել հաղթողին: Արդյունքում ժյուրին հրավիրեց մրցույթի եզրափակիչ անցած 6 մասնակիցներին մասնակցել երկրորդ փուլին, որի արդյունքում էլ որոշվեց լավագույն աշխատանքը:

Մրցույթի հաղթող Կիյոկազու Արային որպես մրցանակ ստացավ 70 հազար դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիական երկու` Agence search և Series et Series ընկերությունների համատեղ նախագիծը ստացավ 30 հազար դոլար, երրորդ տեղը գրաված ռուսական «Ֆորտունա» ընկերությունը ստացավ 15 հազար դոլար: