25 մայիսի 2010 - 18:10 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են քվեարկել Եվրատեսիլի մասնակցի օգտին` SMS ուղարկելով 4447 համարին

Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` 55-րդ Եվրատեսիլը տեղի կունենա մայիսի 25-ին, 27-ին և 29-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Եվա Ռիվասը:

Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն, ինչպես միշտ, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից: Կիսաեզրափակիչ փուլերը անց են կացվելու մայիսի 25-ին և 27-ին, իսկ եզրափակիչը` 29-ին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 4447 կարճ համարին կամ զանգահարելով 0900990 համարին` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099004): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարեն հաղորդավարները` մրցույթի ընթացքում:

Քվեարկության կանոնները`

• արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին,

• հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակչում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը,

• քվեարկության ժամանակահատվածից դուրս ուղարկված ձայնը կհամարվի անվավեր և չի հաշվարկվի,

• մեկ բջջային հեռախոսահամարից 4447 կարճ համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS,

• սխալ ձևաչափով տրված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի,

• ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը: 4447 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև դեպի 0900990 հեռախոսահամար կատարված մեկ զանգի արժեքն է` 240 դրամ (ներառյալ ԱԱՀ):

SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:

Եվրատեսիլ-2010 երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 25-ին, 27-ին և 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: