25 մայիսի 2010 - 19:24 AMT
Վերահրատարակվել է հայկական կինոյի կատալոգը

Մայիսի 25-ին տեղի ունեցավ հայկական կինոյի վերահրատարակված կատալոգի շնորհանդեսը: 10 տարի առաջ լույս տեսավ հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում էր 1924-1998թթ.-ին Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, ինչը, լինելով այն ժամանակ միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացավ Ռուսաստանի կինոգիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին։

Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև ընդգրկվել են մինչև օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։

Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։

Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ, որքան հնարավոր է եղել պարզել։ Այս կերպ փորձ է արվել մոռացությունից փրկել այդ անունները։

Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռ 60-ականների սկզբին Դանիել Բզնունու հավաքած ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, նաև Գրականության և արվեստի թանգարանում պահվող նյութերը և այլն։

Առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, այս անգամ օժանդակողների թվում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և «Մեկ ազգ, Մեկ մշակույթ» հիմնադրամը։ Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կատարել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատակազմը` փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ։

Գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, աշխատանքներին մասնակցել են նաև կինոգետներ Վալերի Գասպարյանը, Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը (Թադևոսյան), Տաթևիկ Մանուկյանը, թարգմանիչ` Ռուզան Ամիրաղյանը: Այս մասին հաղորդում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատակազմից: