26 մայիսի 2010 - 11:18 AMT
ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Սենատին ուշադիր լինել Բաքվում դեսպանի պաշտոնի թեկնածուի հարցում

Նախագահ Օբամայի վարչակարգն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ Սենատի հանձաժողովին ուշադիր քննել այդ հարցը և ուսումնասիրել նրա դիվանագիտական առաքելությունը Կովկասում, Արևելյան Եվրոպայում և տարածաշրջանում:

«Մենք կոչ ենք անում Սենատի արտաքին գործերի հանձնաժողովին և ԱՄՆ Սենատի ողջ կազմին ուշադիր լինել հաստատման գործընթացի ժամանակ: Մենք նախկինի նման զգուշանում ենք պրն Բրայզայի պահվածքից` որպես պետքարտուղարի տեղակալի օգնական, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ, և ակնկալում ենք անաչառ քվեարկություն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ Սենատում»,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն նաև սկսում է Webmail-քարոզարշավը, որում կոչ է անում սենատորներին ամբողջությամբ պարզել Բրայզայի հայացքները, այդ թվում դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հրաժարականի վերաբերյալ: Ինչպես նաև առաջարկում է ճշտել դիվանագետի դիրքորոշումը Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին, Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի պատճառների և հետևանքների մասին, Ադրբեջանի կողմից Ջուլֆայում հայկական միջնադարյան գերեզմանոցի ավերման և պղծելու մասին, ինչպես նաև պարզել Հայաստանի նկատմամբ Բաքվի ռազմական սպառնալիքների վերաբերյալ նրա տեսակետը և ԱՄՆ էներգետիկ հատվածի ազդեցության աստիճանն արտաքին քաղաքականության վրա: