26 մայիսի 2010 - 14:05 AMT
Հայստանում տնկվել է 20 հա օրգանական այգի

Օրգանական այգիներ ստեղծելու ծրագրի շրջանակներում, որը 2009-ին հաստատվել է կառավարության Օպերատիվ շտաբի կողմից, «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ն սուբսիդավորվել է 300 մլն դրամով: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքից, 2010-ի մայիսին համայնքում հատկացվել է 2 հա օրգանական այգիների ստեղծման համար: «Մոշն արդեն լավ ծաղկել է, իսկ մորու ծաղիկներն արդեն հասցրել են թափվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Թամարա ֆրուտ» ընկերության ղեկավար Բորիս Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, 2009-ին ընկերությունն արտահանել է 30 տոննա օրգանական մորի 150 տոննա կարողության ներուժի դեպքում:

«Հույս կա, որ նոր օրգանական այգիների տնկումը թույլ կտա մեզ արտահանել 60 տոննա հատապտուղ, սակայն պահանջարկը կազմում է 200 տ»,- նշել է Բորիս Հովհաննիսյանը: Նա նաև հույս հայտնեց, որ օրգանական այգիներ ստեղծելու ծրագրի շրջանակներում կհաջողվի դուրս գալ իրացման իրական շուկաներ:

Այսօր Հայաստանում տնկվել է 20 հա օրգանական այգի, որոնցից 12 հա-ը Վայոց Ձորի մարզում, 7 հա` Տավուշում, 3 հա` Կոտայքում: Դիտարկվում է նաև «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև պայմանագրի ստորագրում ևս 12 հա օրգանական այգի տնկելու համար, նախատեսվում է նաև քննարկել ևս մեկ պայմանագրի ստորագրումը մինչև ընթացիկ տարվա աշուն: Միաժամանակ, հաշվի են առնվում և ուսումնասիրվում հողատարածքների տերերի հնարավորությունները:

Բորիս Հովհաննիսյանը հաղորդեց, որ 1 հա-ի մշակումը կստեղծի 5 աշխատատեղ, իսկ բերքահավաքի շրջանում` 20 աշխատատեղ: Անդրադառնալով ընկերության գործունեությանը` նա նշեց, որ 2009-ին ընկերության շրջանառությունը 2008-ի համեմատ կրճատվել է 15-20 տոկոսով: Ամեն դեպքում, 2010-ի առաջին եռամսյակի տվյալներով ընկերության շրջանառությունն աճել է 40 տոկոսով, իսկ 2010-ի ապրիլի դրությամբ կազմել է 45 տոկոս:

Ընկերությունը նաև սկսել է սառը թեյերի արտադրությունը հայկական շուկայի համար: Մեկ օրում ընկերությունն արտադրում է 10-15 հազար թեյի փոքր փաթեթ: «Թամարա ֆրուտ» ընկերությունը մտադիր է արտադրության ծավալի մեծացման հետ սառը թեյը արտահանել Ռուսաստան և եվրոպական երկրներ: «Մենք հնարավորություն ունենք մեծացնել արտադրության ծավալները նոր տեխնոլոգիաների կիրառման հաշվին»,- ընդգծել է Բ. Հովհաննիսյանը:

Այսօր «Թամարա ֆրուտ» ընկերությունն իր արտադրանքն արտահանում է ԱՄՆ, Հունգարիա, Չեխիա, Շվեյցարիա, Գերմանիա և Իտալիա:

Օրգանական այգիների տնկման ծրագրի իրագործման արդյունքներին ծանոթանալու համար Տավուշի մարզ է այցելել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: