26 մայիսի 2010 - 16:33 AMT
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը IIHF վարկանիշում վերջին տեղն է զբաղեցնում

Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հրապարակել է 49 ամենաուժեղ հավաքականների վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը, որն այս տարվա ապրիլին տափօղակով հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրեց, առանց միավորների եզրափակում է վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց, որ ինքը ներկա էր Միջազգային ֆեդերացիայի կոմիտեի նիստին: «Լուրերն այն մասին, որ Հայաստանի հավաքականին որակազրկել են որոշ մարզիկների երկքաղաքացիության պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Երկքաղաքացիությամբ մարզիկներն իրավունք ունեն ելույթ ունենալ աշխարհի առաջնության ժամանակ, քանի որ դա չի հակասում միջազգային ֆեդերացիայի կանոններին: Վերջնական որոշումը Միջազգային ֆեդերացիան կհրապարակի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ»,- ասել է Ջաղացպանյանը: