26 մայիսի 2010 - 22:38 AMT
Սերժ Սարգսյան. Պետք է հաշվի նստել ԼՂՀ ժողովրդի կարծիքի հետ

«Արդեն երկար տարիներ ԼՂՀ ժողովուրդը ձևավորում է իր օրինական իշխանությունն ընտրությունների ճանապարհով, և բնական է, որ բոլոր այդ տարիներին տարբեր կառույցներ, այդ թվում ԵՄ-ն, հայտարարել են, որ նրանք չեն ճանաչում ԼՂՀ ընտրությունները: Դա մեզ համար տարօրինակ է, բայց մենք փորձում ենք հասկանալ»,- Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Եվրամիության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի ընտրությունների մասին: Նրա խոսքերով, պետք է հաշվի նստել ԼՂՀ ժողովրդի կարծիքի հետ: «Մենք համոզված ենք, որ ընտրություններն այլընտրանք չունեն և կարծում ենք, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Իր հերթին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն ասաց, որ Քեթրին Էշթոնի հայտարարությունը ԵՄ պաշտոնական դիրքորոշումն է: «Մենք շարունակում ենք պաշտպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Մենք հավատում ենք, որ այն ներառում է բոլոր սկզբունքները. տեղահանված անձանց վերադարձի իրավունք, ունեցվածքի վերադարձ, ինքնորոշման իրավունք և անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև զինված ուժերի դուրս բերում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բրյուսելից:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Բարրոզուն ասաց, որ ԵՄ-ն չի կարող խոսել Հայաստանի կան Թուրքիայի անունից: «Այն, ինչ կարող ենք անել և իրականում անում ենք ինչպես մասնավոր մակարդակում է, այնպես էլ ձևական: Բայց տվյալ գործընթացը պահանջում է համբերություն և ճկունություն»,- ընդգծել է նա: