Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծման ռիսկը բավականին մեծ է

Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծման ռիսկը բավականին մեծ է

PanARMENIAN.Net - Եթե մայիսի 30-ին տեղական ինքնակառավարման ընտրությունները Վրաստանում արդար լինեն, Ջավախքում կհաղթի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ընդդիմադիր դաշինքը, որի ցուցակում ընդգրկված են հայ հասարակական գործիչներ: «Ես նման եզրակացության եկա` հետևելով Նողաիդելիի նախընտրական քարոզարշավին Ջավախքում: Ջավախքի հայ բնակչության համար ընդունելի են նրա ցուցակում ընդգրկված հայ գործիչները, քանի որ նրանք արծարծում են վիրահայերի իրավունքների պաշտպանության հարցերը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Թորոսյանի, նախընտրական գործընթացը ցույց տվեց նաև, որ մայիսի 30-ին ընտրությունների արդյունքները Ջավախքում կեղծվելու են, քանի որ Ջավախքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, որ ընդգրկված են իշխող կուսակցության ցուցակներում, հայտարարում են, որ կհավաքեն քվեների 80 տոկոսը: Նա հաղորդեց նաև, որ ի սկզբանե Ախալքալաքի շրջանից նախընտրական ցուցակում ընդգրկվել էր 16 մարդ, սակայն Վրաստանի իշխանությունների ճնշումների արդյունքում նրանցից 4-ը հանեցին իրենց թեկնածությունները, և հայ քաղաքական գործիչների ընդհանուր թիվը կազմեց 12:

Իր հերթին Սևակ Արծրունին նշեց, որ ընտրություններին ներկա են լինելու եվրոպացի դիտորդներ: «Եթե Ջավախքում իշխող կուսակցությունը հավաքի ձայների 80 տոկոսը, նրանք անպայման կգրանցեն, որ ընտրությունները կեղծվել են: Այսինքն, դա ևս մեկ հարված կլինի Վրաստանի իմիջին»,-ասել է նա: Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման վերաբերյալ Արծրունին նշել է, որ Վրաստանում խախտվում են նաև այնտեղ բնակվող ադրբեջանցիների իրավունքները, սակայն տարբերությունն այն է, որ Բաքուն երբեմն շատ կտրուկ է արձագանքում դրան և խնդիրները լուծվում են ի օգուտ ադրբեջանցիների: «Իսկ հայերի դեպքում չի ստացվում նման կերպ լուծել խնդիրները, քանի որ ելնելով աշխարհաքաղաքական շահերից, Երևանը շատ մեղմ է արձագանքում հայերի իրավունքների ոտնահարումներին»,-հայտարարել է նա: Նա հավելել է նաև, որ իրավիճակը չի կարող այդպես երկար շարունակվել, քանի որ դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների ինչպես Ջավախքում, այնպես էլ Հայաստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---