27 մայիսի 2010 - 16:42 AMT
Երևանում բացվել է շինարարության ոլորտին նվիրված ազգային ցուցահանդեսը

Երևանում ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվել է շինարարության ոլորտի «Մեր տունը» ազգային 9-րդ ցուցահանդեսը: «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային նախագծերի կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանը ասել է, որ 9 տարի ցուցահանդեսին մասնակցում էին 16 ընկերություններ, իսկ ընթացիկ տարում` 50 ընկերություններ, որոնցից 15 տոկոսը երկրի մարզերից: «Մենք առաջինն էինք, ով զգացինք, որ շինարարության ոլորտում աճ է լինելու, քանի որ նման ցուցահանդեսները տվյալ ոլորտի «հայելին» են. որքան շատ է այն զարգանում, այնքան շատ ցուցահանդես է լինում: Մինչև 2008-ը ցուցահանդեսն ընդլայնվում էր, բայց 2009-ին մեզ արդեն պարզ էր, որ ճգնաժամը հասել է Հայաստան»,- ասել է նա: Միաժամանակ նա ընդգծեց, որ ընթացիկ տարում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. և նախկին տարիների հետ համեմատած ցուցահանդեսն ընթանում է ավելի նեղ շրջանակներում և շեշտը դրվում է հայրենական արտադրողների խնդիրների և ճգնաժամից դուրս գալու ուղիների վրա:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են. շինարարություն, նախագծում, դիզայն, կահույքի աշխարհ, դռներ և պատուհաններ, շինանյութեր, շինարարական տեխնիկա, նոր տեխնոլոգիաներ, կանաչապատում, լանդշաֆտային ճարտարապետություն և այլն:

«Մեր տունը 2010» ցուցահանդեսը տեղի է ունենում ՀՀ կառավարության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: