27 մայիսի 2010 - 17:52 AMT
1918 թվականին հայ ժողովուրդը օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ

Մայիսի 28-ը առանձնահատուկ պատմական օր է համայն հայության համար: 92 տարի առաջ` Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից հետո, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Դարեր շարունակ դիմագրավելով տարբեր փորձությունների, կրելով աննկարագրելի զրկանքներ ու կորուստներ` մեր ժողովուրդը կրկին ուժ գտավ իր մեջ վերապրելու և ի լուր աշխարհի հայտարարելու իր գոյության մասին: Կրկին վերածնվեց հայի հերոսական ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ, վերականգնվեց հայոց կորսված պետականությունը: Այն դարձավ մեր հետագա հաղթանակների հիմքն ու ոգեշնչման աղբյուրը»: Այս մասին ասվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում;

«1918 թվականին հայ ժողովուրդը ոչ միայն չհուսալքվեց ու չբնաջնջվեց աշխարհի երեսից, այլև ի հեճուկս ամեն ինչի փայլուն հաղթանակ տարավ, որովհետև օրհասական պահին կարողացավ միավորվել ու համախմբվել ազգային գաղափարների շուրջ: Դա պատմության կարևորագույն դասն է, որը պետք է միշտ ուղեկցի մեզ:

Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը այն միակ ճիշտ ուղին է, որն ընտրել էր մեր ժողովուրդը դեռևս 1918 թվականին, և որով ընթանում ենք մենք այսօր: Համոզված եմ, որ այդ երթը հաղթական կլինի հայկական երկու հանրապետությունների համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին աշխարհի տարբեր ծայրերում և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության շարունակական զորացման և հայ ժողովրդի պայծառ ապագայի», - ընդգծել է նախագահը: