27 մայիսի 2010 - 18:32 AMT
«Երևան Ջուր» ՓԲԸ-ին կհատկացվի մինչև 340 մլն դրամ՝ սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման սակագինը մեկ խմ-ի համար սահմանվել է 195 դրամ` նախկին 181-ի փոխարեն:

Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական զամբյուղի վրա, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայիսի 7-ին Երևանի ավագանին որոշեց սուբսիդավորել խմելու ջրի սակագինը: Երևանի ավագանու «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների և գումար հատկացնելու մասին» որոշման համաձայն` Երևանի 2010 թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երևան Ջուր» ՓԲԸ-ին կհատկացվի մինչև 340 մլն դրամ՝ 2010թ. հուլիսի 8-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով։

Սուբսիդիան կտրամադրվի ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա փաստացի մատուցված ծառայությունների վերաբերյալ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ սուբսիդավորումը, ինչպես թյուրիմացաբար նշել են որոշ լրատվամիջոցներ, միայն սոցիալապես անապահով խավերի վրա չէ, որ տարածվում է: Այն սոցիալական կոնկրետ հասցեականություն չունի և, Երևանի ավագանու որոշման համաձայն, վերաբերում է մայրաքաղաքի բոլոր սպառողներին անխտիր», - ասվում է քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: