Սինգապուրում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահին

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթանին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախագահ Սելապան Ռամանաթանը հաջողություն մաղթեց Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին:

Խոսելով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին` ՀՀ նորանշանակ դեսպանը շեշտեց Հայաստանի և Սինգապուրի գործարար շրջանակների միջեւ անմիջական կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նշվեց նաև Սինգապուրի հարուստ փորձի օգտագործման կարևորությունը ՀՀ տնտեսական զարգացման և հասարակական ինստիտուտների ամրապնդման գործընթացներում: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Դեսպան Սարգսյանը Սինգապուրի նախագահին համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, խոսեց տարածաշրջանային խնդիրների, հարեւան պետությունների հետ առկա հարաբերությունների մասին: Զրույցի ընթացքում նախագահ Ռամանաթանը անդրադարձավ Սինգապուրի պատմության մեջ հայազգի գործիչների ունեցած բացառիկ դերակատարությանը: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ նաև մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին` նա առաջարկեց քայլեր ձեռնարկել մշակութային փոխանակումներն ակտիվացնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---