Իսրայելի ռազմածովային ուժերը թուրքական նավ են բռնագրավել

PanARMENIAN.Net - Իսրայելյան նավերը զավթել են «Ազատության նավատորմի» 6 նավ, որոնք բեռնված են եղել 10 տոննա հումանիտար օգնությամբ և շինանյութերով` նախատեսված Գազայի հատվածի համար:

Տուժածների մասին հակասական տեղեկություններ կան: Հստակ հայտնի է այն մասին, որ միջադեպի արդյունքում սպանվել է 2 մարդ, սական որոշ հաղորդագրությունների համաձայն, սպանվածների թիվը կարող է կազմել 10-15 մարդ:

«Ազատության նավատորմը» Գազայի հատված գործուղած կազմակերպություններն ասում են, որ շուրջ 30 հոգի վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, իսրայելական բանակը հաստատել է բեռն ուղեկցող ակտիվիստների մահը: Իսրայելցի զինվորականների տվյալներով, հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ կրակ են բացել, նրանց վրա հարձակվել են դանակներով, արդյունքում 4 զինվոր վնասվածքներ է ստացել:

Իսկ թուրքական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելցի զինվորները կռվում նավի վրա գտնվող մարդկանց հետ:

Թուրքական «Ալ Ջազիրա» հեռուտսաընկերության թղթակցի ուղիղ ռեպորտաժն ընդհատվել է եբրայերենով հնչած «Բոլորը լռեն» հրամանով:

Դեռ պարզ չէ, թե շարունակվում է դիմադրությունը և ինչ իրավիճակ է տիրում այնտեղ:

Պաղեստինյան կողմի համաձայն, զավթումը տեղի է ունեցել չեզոք ջրերում` Գազայի ափից 150 կմ հեռավորության վրա: Սակայն Իսրայելը զգուշացրել էր «Ազատության նավատորմի» նավերին, որպեսզի չմտնեն նրա տարածքի ջրեր:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի գործողությունները` անվանելով դրանք միջազգային օրենսդրության խախտում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքերով միջադեպը կարող է «անդառնալի հետևանքների» հանգեցնել Իսրայելի և Թուրքիայի երկկողմանի հարաբերությունների համար:

Իսկ իսրայելական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «ցավում է բոլոր զոհերի համար»: Իր հերթին, Իսրայելի աշխատանքի և արդյունաբերության նախարար Բինյամին Բեն-Էլիեզերն ասել է. «Պատահածի պատկերն, անտարակույս, անհասկանալի է: Ես կարող եմ միայն ցավակցել բոլոր զոհվածների համար»:

6 նավերի վրա բացի հումանիտար օգնությունից գտնվել են 600 պաղեստինամետ ակտիվիստներ և իրավապաշտպաններ եվրոպական ու արաբական երկրներից:

Գազայի հատվածի տնտեսական շրջափակումն Իսրայելի և Եգիպտոսի կողմից շարունակվում է համարյա երեք տարի` այն պահից, երբ Գազայի հատվածում իշխանության գլուխ բարձրացավ ՀԱՄԱՍ շարժումը:

Իսրայելն ի սկզբանե «Ազատության նավատորմի» գործողություններն անվանում էր քաղաքական պրովակացիա և զգուշացրել էր, որ եթե նավերը մոտենան Գազային, իսրայելական ռազմածովային ուժերը հետ կմղեն նրանց Աշդոդ քաղաքի նավահանգիստ, որտեղից նավատորմի 600 մասնակիցներին կարտաքսեն, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---