11 հոկտեմբերի 2001 - 23:15 AMT
ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՀՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՄ
ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով ենթակոմիտեի անդամների մեծամասնությունը արտահայտվել է 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու դեմ: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, կոնգրեսականները նշել են նաեւ Հայաստանը տարածաշրջանի էներգետիկ նախագծերում ընդգրկելու անհրաժեշտությունը: Կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլիի խոսքերով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անցկացումը Հայաստանի տարածքով ներդրողների համար շատ ավելի ձեռնտու կլինի: Ենթակոմիտեի անդամները ծանոթացան Ամերիկայի Հայդատի հանձնածմբի կողմից ներկայացված փաստաթղթին, որում ընդգծվում էր, որ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը կարող է ոչ միայն խախտել կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաեւ վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին: Փաստաթղթում հիշատակվում էր նաեւ, որ Ադրբեջանի տարածքում գործում էին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության բջիջները: «907-րդ ուղղումը կարող է չեղյալ հայտարարվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- պնդում են Հայդատի հանձնախմբի ներկայացուցիչները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: