1 հունիսի 2010 - 11:28 AMT
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պիտեր Միլլիքենի հետ

Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Կանադա: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պիտեր Միլլիքենի հետ Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը և դրանց ընդլայնման հնարավորությունները, միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանների ներդրումը երկկողմ փոխգործակցության զարգացման գործընթացում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հայաստանի արտգործնախարարն ու Կանադայի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Կանադայի խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև «Կանադա–Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների հետ:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունեց Կանադայի ներկայացուցիչների պալատի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Էդվարդ Նալբանդյանի օրակարգի հաջորդ հանդիպումը Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի hետ էր: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին նախարար Քենին ասաց, որ ինքը Հայաստանի և կանադահայ համայնքի բարեկամն է, նշեց, որ միշտ ուշադրությամբ է հետևում Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայա-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ջեյսոն Քենիի ունեցած նպաստի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: