2 հունիսի 2010 - 16:26 AMT
Թուրքիան օգտագործեց մերձեցումը Հայաստանի հետ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին միջամտելու համար

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը այնքան էլ բարվոք չէ: Դրա տեսանելի ապացույցն է Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևը Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող դրույթները հակասում են հայկական կողմի շահերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ Դեմիրճյանի, չնայած նրան, որ այդ բանաձևի դրույթները պարտադիր չեն կատարման համար, այնուամենայնիվ, այն որոշակի տպավորություն է ձևավորում միջազգային հանրության շրջանում: «Մեզ համար անբարենպաստ իրավիճակից դուրս գալու համար առաջին հերթին հարկավոր է առողջացնել Հայաստանի ներքաղաքական միջավայրը: Այսինքն, անցկացնել երկրում արտահերթ ընտրություններ»,-հայտարարել է նա: Ընդ որում, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը նշել է, որ ղարաբաղյ ան հարցում միակողմանի զիջումները հայկական կողմի համար անընդունելի են:

Անդրադառնալով հայ-թուրքական մերձեցմանը` Դեմիրճյանը նշել է, որ մոտ ապագայում որևէ առաջընթաց այդ ուղղությամբ չի ակնկալում: «Թուրքիան օգտագործեց հայ-թուրքական մերձեցումը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին միջամտելու և Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու համար»,-ասել է Դեմիրճյանը: