3 հունիսի 2010 - 15:31 AMT
«Արմիքս» կապի հանգույցը կարող է տեղակայվել Երևանի կենտրոնում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դիմել է կառավարությանը` խնդրելով Երևանի Տիգրան Մեծ պողոտայում 150 ք/մ տարածք հատկացնել ինտերնետ-տրաֆիկի փոխանակման «Արմիքս» կապի հանգույցի կենտրոնի համար:

«Դա այնպիսի տեղ է, որտեղ բոլոր պրովայդերներն ունեն իրենց հանգույցները», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է UITE-ի տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, տարածքի հարցը մոտակա ամիսների ընթացքում կլուծվի: «Արմիքս»-ի օգնությամբ պրովայդերները մտադիր են արտաքին ինտերնետ-տրաֆիկի սպառումը նվազեցնել մինչև 20 տոկոս, ինչը էականորեն կազդի ինտերնետ ծառայությունների որակի և սակագների վրա:

Նախաձեռնող խմբի մեջ են մտնում Հայաստանի հեռահաղորդակցության այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են` VivaCell-MTC, Orange Armenia, ADC, U!Com, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies և այլք:

«ԱրմենՏել» ընկերությունը դեռևս չի միացել նախաձեռնությանը, սակայն Կարեն Վարդանյանի կարծիքով ընկերությունը կմիանա «Արմիքս» կենտրոնին:

«Արմիքս» ինտերնետ տրաֆիկի կենտրոնը Հայաստանում ստեղծվել է ապրիլին: «Արմիքսի» հիմնադիրներն են տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը և «Ինտերնետային ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունը»: