3 հունիսի 2010 - 15:47 AMT
Հունիսին տեղի կունենա «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը

«Երևանում տեղի կունենա «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը, որի նպատակն է Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալը»,-ասել է «Կանաչաստան» հասարակական կազմկերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյանը հունիսի 3-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, մրցույթը տեղի կունենա արդեն հունիսին, թեև ամենամյա «Ձմեռային փառատոնը», որի շրջանակներում է անցկացվում մրցույթը, տեղի կունենա 2011թ. հունվարին:

Մրցույթը տեղի կունենա երեք անվանակարգերում` «Մինչև 15 տարեկան երեխաների աշխատանքներ», «Սիրողական ստեղծագործություններ» և «Պրոֆեսիոնալ գրողների ու սցենարիստների աշխատանքներ»:

Մրցույթը կսկսվի այսօր և կտևի մինչև հունիսի 30-ը: Նրա արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին և կհրապարակվեն մանկական ԼՕԼՕ ամսագրում: Ամսագրում կզետեղվեն նաև հաղթողների աշխատանքները:

Մրցույթի պայմաններից մեկն է Կաղանդ պապին ուղեկցող բոլոր հերոսներին օգտագործելը` խլվլիկներ Երային, Անիին, Հազարանին, Փուշին, Իմաստունին, Անտեսին, Եղեգին, Արեգին, Ասպետին և մյուսներին: Երան և Անին ներդաշնակ ամուսնական զույգ է, որն ապրում է երջանիկ: Շրջապատի մարդիկ նրանց երանի են տալիս: Հազարանը զգայուն և իր բյուրեղացած աշխարհն ունեցող կերպար է: Անտեսը շրջապատի կողմից անտեսվող կերպար է: Փուշը չհասունացած երիտասարդ է, սկզբում նա նուրբ էր, ով հասցնում վիրավորում էր, հետո դարձավ փուշ: Հեքիաթում առանձին դեր են կատարում արալեզները, որոնք վերքերը ապաքինող առասպելական ոգիներ են:

«Այդ կերպարները բուն հայկական արժեհամակարգի կրողներ են: Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի հերոսների կերպարներ, որոնցից երեխաները ժամանակի հետ կսկսեն օրինակ վերցնել»,-ասել է Նիզիբլայնը:

«Հայաստանի ձմեռային փառատոնն» անցնում է 2007 թվականից ՀՀ էկոնոմիկայի ու մշակությի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, « BOGOSSIAN GARDENS» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի համակազմակերպիչներ են «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը և Deem Communications-ը: