4 հունիսի 2010 - 15:15 AMT
Գազայի իրադարձությունները հնարավորություն են տալիս վերանայել հայ-իսրայելական հարաբերությունները

Մի երկիր, որը 1993 թ. շրջափակման մեջ է պահում Հայաստանը, իրավունք չունի խոսել մեկ այլ փակ սահմանի մասին: Այդ մասին այսօր Երաևնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին է ասել Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը` անդրադառնալով Գազայի վերջին իրադարձություններին: Նա նաև քննադատել է գերտերությունների արձագանքը այդ իրադարձություններին, ասելով. «Ինչո՞ւ նույն արձագանքը չեղավ Հայաստանի շրջափակման դեպքում: Ինչո՞ւ հայկական զորքերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք մենք ազատագրել ենք պատերազմի արդյունքում: Եվ եթե հիմա այդ հարցը քննարկվում է, դա մեր մեղքով է: Դա մեր արտգործնախարարության ձախողման արդյունքն է»:

Հայկ Բաբուխանյանն ասել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը կարող է ակտիվանալ Իսրայելի Քնեսեթում և Իսրայելը կարող է օգտագործել այդ հարցը` շանտաժի ենթարկելով Թուրքիային: «Գազայում տեղի ունեցածը հնարավորություն է տալիս վերանայել հայ-իսրայելական հարաբերությունները»,-ասել է ՍԻՄ նախագահը:

Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Հ.Բաբուխանյանն ասաց, որ առաջիկայում չի տեսնում այդ խնդրի լուծման հեռանկարները` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համագործակցի Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Կոսովոյի հետ: