4 հունիսի 2010 - 18:03 AMT
Բակո Սահակյանը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին այցելել է հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ և հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բերդաշենում, որտեղ առկա են դինամիկ զարգացման համար բոլոր պայմանները, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, տեղական և շրջանային կառավարման օղակների միջև համագործակցության խորացմանը:

Այնուհետև նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող հանրապետական ու շրջանային նշանակություն ունեցող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների կապակցությամբ, հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների որակն ու թափը:

Այցելության վերջում նախագահ Սահակյանը ամփոփիչ խորհրդակցություն է հրավիրել Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբարում՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին ու պատասխանատուներին:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: