Հայաստանի նախագահը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների իրագործմանն առնչվող հարցեր

Հայաստանի նախագահը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների իրագործմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 4-ին անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման մեծածավալ բարեփոխում նախաձեռնելով` պետությունը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ քննարկել դրա հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծումները, գնահատել ռիսկերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող բոլոր պետական կառույցները պետք է մեծ հետևողականություն ցուցաբերեն դրանց նախապատրաստման և կիրառման գործընթացներում:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել են ՀՀ Նախագահի` այս թեմայով անցկացրած նախորդ խորհրդակցության ժամանակ հնչած մտահոգությունների և հարցադրումների շուրջ պարզաբանումներ` հիմնված ուսումնասիրությունների, միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատումների վրա:

Մասնավորապես, խոսվել է կենսաթոշակային բարեփոխումների` պետբյուջեի, տնտեսավարողների հարկային բեռի, աշխատավարձերի հարկման չափերի վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել կուտակային կենսաթոշակային հիմնադրամների արդյունավետ կառավարման, գումարների ապահովության երաշխիքների, հասարակության համար այս համակարգի ներդրման հետ կապված ծառայությունների մատչելիության հարցերին: Նախագահ Սարգսյանը խորհրդակցության ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգը հասարակության տարբեր խմբերի` աշխատանքային կոլեկտիվների, ուսանողների և այլոց հետ քննարկելու անհրաժեշտությունը. «Հայեցակարգը կարող է իսկապես լավ մշակված լինել, բայց միայն մարդկանց հետ քննարկելով հնարավոր կլինի ձևավորել վստահության անհրաժեշտ պաշար այն իրականություն դարձնելու համար: Միայն լրատվամիջոցներով մարդկանց բացատրելը բավարար չէ: Այսպիսի մեծ փոփոխության դեպքում բազում հարցեր կարող են առաջանալ, ուստի, հասարակությանը պետք է հնարավորություն ընձեռվի տալու այդ հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ: Միայն այդ դեպքում քաղաքացին կարող է վստահել նոր համակարգին»,-ասել է երկրի ղեկավարը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---