7 հունիսի 2010 - 12:17 AMT
Հայաստանը հունիսի 7-9 Մոսկվայում կմասնակցի «Ատոմէքսպո-2010» համաժողովին

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, որտեղ հունիսի 7-9 կմասնակցի «Ատոմէքսպո-2010» միջազգային համաժողովին, որը կանցնի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում:

2010 թվականին համաժողովը կանցնի «Միջուկային էներգետիկան որպես ինովացիոն զարգացման շարժիչ» կարգախոսով: Նրա գործնական ծրագիրը կներառի այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են միջազգային կոոպերացիայի հեռանկարները վառելիքամիջուկային ցիկլում և ատոմային մեքենաշինության մեջ, ջերմամիջուկային սինթեզի կառավարվող օգտագործման ոլորտներում: Բացի այդմ կոնգրեսի թեմաներ կլինեն ոլորտում ներդրումների ակտուալ հարցերը, կադրային ներուժի զարգացումը, օրենսդրական բազայի կատարելագործումը ատոմային էներգետիկայի հետագա դինամիկ զարգացման համար:

Կոնգրեսի զեկուցողների թվում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, Ֆրանսիայի ատոմային էներգիայի կոմիսարիատի նախագահ Բերնար Բիգոն, Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի նախագահ Սուն Ցինը, ֆրանսիական AREVA NP ընկերության նախագահ Լյուկ Ուրսելը, Siemenes AG ընկերության էներգետիկայի հատվածի գլխավոր տնօրեն Միխայել Զյուսը, «Ղազատոմպրոմի» նախագահ Վլադիմիր Շկոլնիկը, «Տոշիբա պաուեր սիսթեմ» ընկերության տեխնոլոգիաների գծով գործադիր տնօրեն Տակախիկո Իիկուրան, Ատոմակայանները շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացների նախագահ Լորան Սթրիկերը:

Համաժողովի կազմակերպիչն է «Ռոսատոմ» պետական կորպորացիան, ինչպես նաև «Ատոմէքսպո» ՍՊԸ-ն: «Ատոմէքսպո» միջազգային համաժողովը անցնում է երկրորդ անգամ: Ակնկալվում է, որ կոնգրեսի աշխատանքին կմասնացկի շուրջ 1,2 հազար պատվիրակ, այդ թվում նաև շուրջ 150 օտարերկրացի մասնագետներ: «Ատոմէքսպո» առաջին միջազգային համաժողովն անցել է 2009թ. մայիսի 26-28-ին` «Էքսպոկենտրոն» ցուցասրահում: