7 հունիսի 2010 - 14:25 AMT
«Գնիշիկ» համայնքային արգելավայրի ստեղծում» ծրագրի բյուջեն կազմելու է շուրջ 500 հազար դոլար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Վայոց Ձորի մարզ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Փոխվարչապետ Ա. Գևորգյանի, մարզպետ Վարդգես Մաթևոսյանի, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի մասնակցությամբ մարզում կայացած հանդիպմանը Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացվեց «Գնիշիկ» համայնքային արգելավայրի ստեղծում» ծրագիրը, որի իրականացումն, ըստ հեղինակների, հնարավորություն կտա պահպանել տարածքի բնական կենսաբազմազանությունը, զարգացնել էկոտուրիզմը և նպաստել համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Նախատեսվում է, որ արգելավայրն ունենալու է մոտավորապես 10 000 հեկտար տարածք, որի մեծ մասը համայնքային հողատարածքներում է: Նշվեց, որ այդ համայնքների անդամներն ու ղեկավարները նախագծման շրջանում իրենց աջակցությունն են հայտնել ծրագրին: Արգելավայրը հիմնելու ու այն համայնքային պահպանվող տարածքի մոդել դարձնելու նպատակով նախատեսվում է աշխատել նաև համայնքների հետ: Զարգացող զբոսաշրջությունն էլ կարող է դառնալ տեղի բնակչության համար այլընտրանքային եկամտի աղբյուր: Ծրագրի բյուջեն կազմելու է շուրջ 500 հազար դոլար, ֆինասավորվելու է մասնավորապես Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2010-2014թթ. ընթացքում:

Ա. Գևորգյանն այցելեց նաև Նորավանքի համալիր: Միջնադարյան ճարտարապետ Մոմիկի 750-ամյակի միջոցառումների շրջանակում Նորավանքում նախատեսվում է Մոմիկի թանգարանի բացում: Փոխվարչապետը ծանոթացավ աշխատանքների ընթացքին:

Այցի շրջանակում փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաև տարածաշրջանի համայքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: