10 հունիսի 2010 - 11:25 AMT
Իլհամ Ալիևը պահանջում է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադրեն Հայաստանին ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրներից ակնկալում ենք, որ նրանք հայկական կողմից վրա շատ լուրջ ազդեցություն կունենան: Ներկա պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվում, որը տարբերվում է մյուսներից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով, այսօր այնպիսի փուլի ենք հասել, երբ բանակցությունների սեղանին նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա արդեն գտնվում են առաջարկներ, որոնք «Պրահայի գործընթացի» շարունակությունն են: Ալիևը նշել, որ ադրբեջանական կողմը հասկանում է դա, իսկ հայկական կողմը` ոչ: Նա կարծում է, որ եթե այդպես շարունակվի, ապա հարցը կամ առկախ կմնա, այսինքն ստատուս քվոն կշարունակվի, ինչը Բաքուն չի կարող ընդունել, կամ բանակցություններն առերևույթ կշարունակվեն, որի հետ Ադրբեջանը երբեք չի համաձայնի: «Ես բազմիցս ասել եմ, որ մենք իմիտացիայի համար չենք մասնակցի բանակցություններին այնքան ժամանակ, քանի դեռ մենք արդյունքի հասնելու հույս չենք ունենա: Կամ էլ հարցը դուրս կգա սառեցված վիճակից և կտեղափոխվի այլ հարթություն: Այսինքն, գաղտնիք չէ, որ դա ռազմական տարբերակն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքերով, տվյալ տարբերակը երբեք չի բացառվել և չի բացառվում: «Եվ այսօր մենք պետք է մշտապես պատրաստ լինենք այդ տարբերակին: Այժմյան փուլն իր տրամաբանությունն ու նշանակությունն ունի. Հայաստանի, ինչպես նաև համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող քայլերը կորոշեն, թե ինչ ճանապարհով կլուծվի այդ հարցը»,- ասել է նա:

«Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, օգտագործելով իրենց հեղինակությունը և ազդեցությունը, հայկական կողմին լուրջ ազդանշաններ հղեն և ստիպեն ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները, որպեսզի մենք դրանց հիման վրա սկսենք աշխատել խաղաղության պայմանագրի վրա»,- ընդգծել է Իլհամ Ալիևը, հաղորդում է ԱզերԹաժը: