10 հունիսի 2010 - 13:42 AMT
Արցախցիներն իրենց ձայները տվել են հանուն ուժեղ և բարգավաճ ապագայի

«Ամենից առաջ ցանկանում եմ շնորհավորել 5-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավորներին և մաղթել հաջողություններ մեր հանրապետության համար այս չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ ցույց են տվել բարձր կարգապահություն և քաղաքացիական դիրքորոշում` տալով իրենց ձայները հանուն ուժեղ և բարգավաճ Արցախի ապագայի: Այդ ապագայի ստեղծման մեջ կարևոր է ԱԺ պատգամավորների դերը:

«Ժողովուրդը ձեզ է տվել իր վստահության քվեն, և դուք պարտավոր եք ըստ ամենայնի արդարացնել այն: Խորհրդարանի գործունեության առանցքային ուղղություններից են հանրապետության օրենսդրական դաշտի կատարելագործումը, իշխանության մյուս թևերի հետ համագործակցության խորացումը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը, քաղաքակիրթ աշխարհին արժանիորեն ներկայանալու և միջազգային հանրությանն ինտեգրվելու խնդիրների իրականացումը: Եվ այդ աշխատանքի հիմքում առաջին հերթին պետք է լինեն Արցախի պետական շահերը` Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան: Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից պահանջվում է սկզբունքային, ակտիվ ու կառուցողական աշխատանք: Միմյանց նկատմամբ հանդուրժողական ու բարյացակամ վերաբերմունքը մեծապես կնպաստի հաջող ու արդյունավետ գործունեության իրականացմանը: Ուզում եմ երախտագիտություն հայտնել 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին` կատարած աշխատանքի համար: Ձեր օրինաստեղծ գործունեության արդյունքում ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք կարգավորում են մեր հանրապետության կենսագործունեությունը: Նաև ձեր ջանքերի շնորհիվ մեր երկիրն ունեցավ Մայր օրենք:

Թանկագին բարեկամներ, Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, կառուցել ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, և որ այդ ուղին անշրջելի է մեր հանրապետության համար», - ասել է Բակո Սահակյանը: