10 հունիսի 2010 - 14:16 AMT
Գագիկ Մինասյան. «Մենաշնորհների դեմ պայքարը Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի»

«Հայաստանում հարկահավաքման ցուցանիշը ՀՆԱ համեմատ 2009 թ. ավելի քիչ էր, քան մենք սպասում էինք: Այդ ցուցանիշը ցույց է տալիս երկրի տնտեսության մեջ գոյություն ունեցող ստվերային բիզնեսի մակարդակը», - այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերի համաձայն, այդ ցուցանիշն անցյալ տարի կազմել էր 16,5 տոկոս` 2008 թ. 17 տոկոսի փոխարեն:

Բացի այդ, Գագիկ Մինասյանը համաձայնել է, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է և օլիգարխիկ, որն էլ տնտեսության խոցելի տեղն է: «Շուկայական տնտեսության պայմաններում, առհասարակ, մրցակցության պայմաններում հավասար հնարավորությունները գերխնդիր են: Եթե բոլոր խնդիրները լուծում ստանան, իսկ այս խնդիրը` ոչ, ապա ոչինչ չի ստացվի», - ասել է նա: Նա հայտնել է նաև, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հետևողականորեն զարգանում են, և այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը կարող է ավելի բարձր մրցակցային իրավիճակի, հարկահավաքման ավելի բարձր մակարդակի և սոցիալական խնդիրների լուծման հասնել: «Սա երկրի ամենագլխավոր խնդիրն է և պետք է դառնա առաջնահերթ Հայաստանի տնտեսության համար», - ասել է նա: