10 հունիսի 2010 - 16:11 AMT
Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում վստահության պակաս կա

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում վստահության պակաս կա, սակայն բոլոր տեխնիկական հարցերը հիմնականում համաձայնեցված են: Այդ մասին «Պատերազմն ու խաղաղությունը Կովկասում» թեմայով դասախոսությամբ ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել գիտությունների դոկտոր, փորձագետ Վիգեն Չետերյանը: Ըստ նրա, այսօր Հարավային Կովկասում կա 5 պետություն, որոնցից 2 ճանաչված չեն միջազգային հանրության կողմից: Չճանաչված պետությունների խնդիրը կարող է լուծվել կամ նրանց միջազգային ճանաչման միջոցով, կամ պահպանելով ստատուս քվոն, կամ պատերազմական գործողությունների վերսկսմամբ: «Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանը գտնում է, որ այդ խնդիրը դեռ հանգուցալուծված չէ, հետևաբար, Բաքուն կարող է քայլեր ձեռնարկել ընդհուպ մինչև ռազմական գործողությունների վերսկսումը: Դա նշանակում է, որ տարածաշրջանում դեռևս կա որոշակի ռիսկ և անհնար է Ղարաբաղի հարցը լուծված համարել»,-ասել է նա: Նա հավելեց, որ Արևմուտքում գտնում են, որ բոլոր հակամարտությունները Կովկասում ազգայնամոլության հետևանք են, ինչն, ըստ փորձագետների, սխալ մոտեցում է հակամարտությունների հանդեպ: Ըստ նրա, Ղարաբաղի հակամարտությունն, ի տարբերություն այլ տարածաշրջանային հակամարտությունների, ավելի սուր է, քանի որ վերաբերում է հայ ժողովրդի ինքնության հարցին:

«Ադրբեջանը փորձեց լուծել այդ քաղաքական հակամարտությունը ռազմական ճանապարհով, սակայն պատերազմը միշտ բարդացնում է իրավիճակը և հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների»,-ասել է նա: Անդրադառնալով վերջին շրջանում Իրանի ակտիվացմանը ղարաբաղյան հարցում` նա ընդգծեց, որ դա Արևմուտքի ակտիվ դիվանագիտության արդյունքն է: