10 հունիսի 2010 - 21:22 AMT
ՀՀ ԱԺ ընդունեց ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը

ՀՀ կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: PanARMENIAN.Net-ի թղթփակիցը խորհրդարանից հաղորդ ել է, որ օրինագծի ընդունման դեմ հանդես են եկել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է, որ օրինագիծն անթույլատրելի է, քանի որ հանվում է այն խոչընդոտը, ըստ որի հեռուստահաղորդումները եթեր պետք է տրվեն թարգմանված: «Օրինագիծը 65-55 տոկոսով կրճատում է այն հեռուստահաղորդումները, որոնք պարտադիր պետք է հայերեն թարգմանվեն», ավելացրել է նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, իր հերթին, ասել է, որ օրինագիծը պատերազմ է ընդդեմ հեռուստաընկերությունների դեմ:

Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանըգոհունակություն է հայտնել իր առաջարկի ընդունման համար, ըստ որի տարածաշրջանային հեռուստաալիքներին իրավունք է տրվում նույնանման հեռահաղորդումներ հեռարձակելու` անկախ նրանց արտոնագրման ժամկետի, մինչև հեռուստատեսության թվայնացման ավարտը:

Օրինագծի ընդունման կողմ են քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 13, իսկ ձեռնպահ չի եղել:

Օրենքը նախատեսում է, որ մինչև թվայնացման ավարտը` մինչև 2015 թ, հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է` հասնելով 18-ի: