11 հունիսի 2010 - 13:23 AMT
ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց տարվա ընթացքում իրականցված աշխատանքի հաշվետվությունը: Նիստը բացեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը նաև նիստի համանախագահն էր: Ըստ նրա, նման նիստերը լավ հնարավորություն են տալիս քննարկելու կատարված և առաջիկա աշխատանքները: Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ Խորհրդատվական խումբը մեծ աշխատանք է կատարել Հայաստանում բարեփոխումների անցկացման հարցում:

«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրով նախատեսվում է բարեփոխումներ անցկացնել 190 ուղղություններով»,-ասաց Ա.Բաղդասարյանը: Նա առանձնացրեց 3 հիմնական ուղղություններ: «Գլոբալ բարեփոխումները պետք է կատարվեն 3 ուղղություններով, որոնք, հուսով եմ, լավ արդյունք կտան: Դրանք են`ասոցիատիվ անդամության մասին համաձայնագրի ստորագրումը, ազատ առևտրի վերաբերյալ բանակցություններում առաջընթացը և արդարադատության ազատության և անվտնագության հարցերի Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի ստեղծումը»,-ասել է նա: Որպես դրական ձեռքբերում Ա.Բաղդասարյանը նշեց դիվանագիտական ակադեմիայի բացումը ՀՀ-ում, վիզային վերահսկողության պարզեցմանն ուղղված քայլերը, բարեփոխումները իրավական ոլորտում, լուրջ բարեփոխումներն ազատ առևտրի ոլորտում: Այս համատեքստում Բաղդասարյանը հույս հայտնեց, որ հայկական կազմակերպությունները հնարավորություն կստանան առաքել իրենց ապրանքներն ԵՄ երկրների շուկաներ:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը գոհունակություն հայտնեց ԱԱԾ քարտուղարի բարձր գնահատականի համար` հույս հայտնելով, որ այս փորձը կտարածվի նաև մյուս երկրներում: Մոլդովայում արդեն կա նման խումբ, իսկ Արևելյան գործընկերության մյուս երկրներն արդեն մտածում են այդ ուղղությամբ: Նա ասաց նաև, որ ծրագիրը հաջողություն չէր ունենա, եթե չարժանանար հայ հանրության ուշադրությանը: Նա նշեց նաև, որ ծրագիրը կայուն ֆինանսավորման հարթակից կանցնի Եվրոպական հարևանության կողմից ֆինանսավորվող հարթակ: