11 հունիսի 2010 - 19:11 AMT
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում ելույթ է ունեցել

Հունիսի 11-ին Լիմասոլում (Կիպրոսի Հանրապետություն) գումարված խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Մեծարգո պարոն նախագահ, Սիրելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունել Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների խորհրդարանների նախագահներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին և շնորհավորել Կիպրոսի խորհրդարանին` համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունում պառլամենտարիզմի պատմությունը նոր երևույթ չէ, սակայն դրա ավանդույթների ձևավորումը դեռևս գտնվում է կայացման փուլում: Նորագույն պատմության մեջ պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում սկսվել է 1918 թվականին, երբ դարեր շարունակ իր պետականությունը կորցրած Հայաստանը` վերահաստատելով իր անկախությունն ու ինքնիշխանությունը, ձեռնամուխ եղավ պետական կառույցների ձևավորմանն ու կայացմանը: Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանն աչքի էր ընկնում այն ժամանակվա համար դեռևս անսովոր ժողովրդավարական մոտեցումներով և համամարդկային բարձր չափանիշերով: Այսօր, պառլամենտարիզմի զարգացման, ինչպես նաև պետական հիմքերի կայացման և ժողովրդավարության ամրապնդման գործընթացներում ընդդիմության դերն ու նշանակությունը զգալի են: Նրա գոյությունը Հայաստանի խորհրդարանում նպաստում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեության համար անհրաժեշտ գործնական մթնոլորտի ձևավորմանը` ցանկացած երկրում գործող ընդդիմությանը բնորոշ հակակշիռների և զսպումների մեխանիզմների առկայությամբ:

Այդուհանդերձ, ընդդիմության կարևորությունն ու նշանակությունը պայմանավորված է ոչ միայն երկրի զարգացվածության, հասարակության ժողովրդավարացման, այլ նաև ընդդիմության` որպես քաղաքական միավորի կենսունակության և մրցունակության մակարդակով:

Հայտնի է, որ ժողովրդավարական գործընթացներում խորհրդարանական ընդդիմության հիմնական դերը կայանում է իշխանություններին իրատեսական և կառուցողական հիմքերի վրա դրված այլընտրանքային լուծումների առաջադրման մեջ: Այս համատեքստում կարևորում եմ ընդդիմության կառուցողական լինելը: Ուժեղ է այն ընդդիմությունը, որն առաջնորդվում է նման սկզբունքներով:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ընդդիմության այդօրինակ կեցվածքն ու գործունեությունը հիմնականում չեն կանոնակարգվում օրենքներով կամ այլ նորմերով: Դրանք արտահայտվում են քաղաքական մշակույթի և էթիկայի կանոններով: Խորհրդարանում ժողովրդավարության ցուցանիշը որոշվում է խորհրդարանական ընդդիմության տրամադրության տակ գտնվող լծակների առկայությամբ: Երկրի կառավարման գործում խորհրդարանական ընդդիմությանը վերապահված է կառուցողական ու պատասխանատու դերակատարություն, քանի որ լավագույն կառավարման երաշխիքը արդյունավետ խորհրդարանական ընդդիմության զգոնությունն է:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես բազմիցս կոչ եմ արել ընդդիմությանը` օգտագործել խորհրդարանի ամբիոնը որպես քաղաքական քննարկումների հարթակ: Ցանկանում եմ նաև հավաստել, որ մեր երկրի խորհրդարանը գործով է ապացուցում իր հավատարմությունը ժողովրդավարության չափանիշերին ու եվրոպական արժեքային համակարգին: Դրա մասին են վկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր ընդունած օրենքները և ներկայումս ընթացող բարեփոխումների գործընթացը:

Այս համատեքստում կցանկանայի առանձնակի անդրադառնալ «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների և պարտականությունների ընթացակարգային ուղենիշերի» մասին ԵԽԽՎ 1601 բանաձևի պահանջներին համապատասխան «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարած փոփոխություններին, որոնք ոչ միայն հստակ սահմանում են թե ինչ է խորհրդարանական ընդդիմությունը, այլ նաև լրացուցիչ երաշխիքներ են ապահովում Հայաստանի խորհրդարանում ընդդիմության գործունեության համար: Մասնավորապես նրանց ընձեռված է առաջնահերթ հայտարարություններ անելու, օրենքների կամ որոշումների նախագծերի` արտահերթ ընթացակարգով քննարկման ներկայացնելու հնարավորություն: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին` այդ թվում ընդդիմադիր ուժերին, կանոնակարգի փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱԺ հանձնաժողովների ձևավորման փուլում նախագահների ու նրանց տեղակալների պաշտոնների բաշխվածությունը կատարել հստակ կանոններով:

Ընդդիմության լիազորությունների և պարտականությունների օրենսդրական ամրագրումը կարևոր հանգամանք է դիտվում նաև քաղաքական դաշտի ձևավորման, ինչպես նաև քաղաքական պայքարն առավել քաղաքակիրթ հարթության վրա դնելու գործընթացներում:

Հուսով եմ, որ համաժողովում առաջարկված թեմաները և դրանց շուրջ ծավալվող քննարկումները մեծապես կնպաստեն եվրոպական ընտանիքի կողմից որդեգրած համամարդկային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև խորհրդարանների միջև հետագա համագործակցության խթանմանը:

Մեծարգո պարոն նախագահ,

Այս համաժողովը պետք է արտացոլի մեր պատկերացումները ժողովրդավարության մասին: Սակայն կարծում են, որ իրական պատկերը ավելի լավ տեսնելու համար հետաքրքիր կլիներ նույն հարցով կազմակերպել կոն‎ֆերանս, որին հրավիրված լիներ միայն ընդդիմությունը: Եվ եթե պարզվեր, որ երկու համաժողովների գնահատականները համընկնում են, ապա հնարավոր կլիներ ասել, որ մեր երկրներում մենք հասել ենք ժողովրդավարության պատշաճ մակարդակի:

Ավարտելով ելույթս, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր քննարկումներ»:

Հունիսի 12-ին նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Կիպրոսի, Մալթայի, Շվեդիայի, Խորվաթիայի խորհրդարանների նախագահների եւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: