11 հունիսի 2010 - 20:21 AMT
Էստոնիան չպետք է որոշի ով է մեղավոր և ով է ճիշտ ղարաբաղյան հակամարտության հարցում

Էստոնիան հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և չի ցանկանում միջամտել այդ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է էստոնիայի խորհրդարանի արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էնն Էսման: «Վերջերս Տալլինում համաժողով տեղի ունեցավ, որը կազմակերպել էր Էստոնիա-Ադրբեջան բարեկամության խորհրդարանական խումբը: Ես համաժողովի ընթացքում ելույթ ունեցա և ասացի, որ Ղարաբաղի հարցը հուզում է Եվրոպային, հետևաբար, նաև` Էստոնիային: Իմ ելույթում ես հիշեցրի Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևի մասին, սակայն երբեք չեմ հայտարարել, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Ղարաբաղից», - ասել է էստոնացի պատգամավորը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-երում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն, Էնն Էսման Տալլինում տեղի ունեցած «Եվրախորհրդարանի երկրների խորհրդարանները և Ադրբեջանը. միջխորհրդարանական համագործակցություն» խորագրով համաժողովում, իբր հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ի կատար ածի Եվրախորհրդարանի բանաձևը և ազատագրի Ադրբեջանի բռնազավթած հողերը»: Էնն Էսմայի խոսքերի համաձայն, Էստոնիան իր վրա պատասխանատվություն չի վերցնի և չի հայտարարի, թե հակամարտող կողմերից ով է ճիշտ և ով` մեղավոր: Նա հայտնել է նաև պաշտոնական Տալլինի դիրքորոշումը, ըստ որի այդ հակամարտությունը միայն Հայաստանի և Ադրբեջանի գործն է, ապա ավելացրել, որ միանգամայն սխալ կլիներ հակամարտության մասին տեղեկատվությանը չտիրապետելով` դատողություններ անել այդ հարցի շուրջ: