3 հոկտեմբերի 2001 - 23:08 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԵՐԿԻՐ
Ադրբեջանը պետք է ձգտի նրան, որ Հայաստանը ընդգրկվի ահաբեկությանը աջակցող երկրների ցուցակում: Դրա մասին, ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտնեց Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը: Մոռանալով, որ հենց Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդգրկել են այդ ցուցակում` Ասքերովը նշել է, որ «ներկայումս անց է կացվում մեծ աշխատանք միջազգային հանրությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տիրող վարչակարգի ահաբեկչական էության մասին տեղեկացնելու համար»: Ասքերովի խոսքերով` Ադրբեջանի նպատակն է «հասնել Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը»: «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ ծավալելը հանրապետության սահմանադրական իրավունքն է, որից նա կարող է օգտվել ցանկացած պահին»,- ասաց Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: