15 հունիսի 2010 - 12:40 AMT
Երևանում կբացվի Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչությունը

Երևանում հունիսի 30-ին կայանալու է Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» ներկայացուցչության բացման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը, Բուլղարիայի «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունը», մեկնարկելով հայկական շուկայում, նոր ուղղություն է տալիս Բուլղարիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

«Բուլղարիայում ունենալով անհրաժեշտ կապեր, հարուստ փորձ խորհրդատվության և անշարժ գույքի ներդրումների մեջ, ինչպես ծառայությունների լայն ոլորտ` ընկերությունը պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրել հայ գործարարներին բուլղարական շուկա դուրս գալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բուլղարիան զարգացած զբոսաշրջային ենթակառույցներով երկիր է և բոլոր եվրոպական երկրների նման կողմնակից է կայունության, քանի որ այստեղ բարձր է գնահատվում արդյունավետ շուկայական տնտեսությունը: