15 հունիսի 2010 - 13:04 AMT
Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան արդեն 9 ամիս է արգելափակում է Արձանագրությունների վավերացման գործընթացը

Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց իր թուրք գործընկերոջը` Աբդուլլահ Գյուլին: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում: «Մի քանի ամիս տեւած բարդ բանակցությունների արդյունքում մենք նշանակալից քայլ կատարեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` անցյալ տարի Ցյուրիխում ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ երկու արձանագրությունները»,-ասել է արտգործնախարարը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է այդ դեպքում վավերացումն առկախված` նա ասաց. «Արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը սկսեց վավերացման գործընթացը, համապատասխան ընդունված ընթացակարգի` Սահմանադրական դատարանի որոշումը կայացվեց կանոնակարգով նախատեսված ժամկետից մեկ ամիս առաջ եւ արձանագրությունները երկրի հիմնական օրենքին համահունչ համարեց: Փետրվարի սկզբին հանրապետության նախագահը Լոնդոնի Չեթըմ Հաուսում իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանը, որտեղ նախագահի ղեկավարած կուսակցությունը բավարար մեծամասնություն ունի, կվավերացնի արձանագրությունները, հենց որ Թուրքիան անի դա: Թուրքական կողմը, որն ունի ավելի պարզ վավերացման գործընթաց, գործնականում այդ ուղղությամբ որեւէ քայլ չկատարեց, բացի արձանագրությունները խորհրդարան ուղարկելուց, եւ արդեն փաստորեն 9 ամիս արգելափակում է վավերացման գործընթացը»: Անդրադառնալով հայ-թուրքական մերձեցման գործընթացը շարունակելու հեռանկարներին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի մոտեցումն ամբողջովին համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը` համաձայնագրերի վավերացումը եւ իրականացումը պետք է տեղի ունենան առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: «Մենք հուսով ենք, որ գործընթացը ոչ թե վերջնականապես տապալված է, այլ առկախված: Ինչպես ասվել է շատ պարզ` մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կրկին կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ եւ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների»,-ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով գործընթացի կասեցման պատճառներին ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ գործընթացի կասեցման հիմնական եւ միակ պատճառը Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումն այլ հարցերի հետ կապելու փորձի վերսկսումն է: «Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան հետքայլ արեց եւ նորից սկսեց խոսել նախապայմանների լեզվով, օրինակ` հայ-թուրքական կարգավորման գործընթացը փորձելով կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հետ: Ոչ միայն Հայաստանը, այլեւ գործընթացին աջակից եւ միջնորդ երկրները, ամբողջ միջազգային հանրությունը հրապարակավ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը կապ չունի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Եվ դրանք կապակցելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը «Profil» ավստրիական ամսագրին տված հարցազրույցում: