15 հունիսի 2010 - 13:42 AMT
Այսօրվա ՆԱՏՕ-ն ոչ մի ընդհանուր բան չունի այն դաշինքի հետ, որը գոյություն ուներ սառը պատերազմից հետո

Այսօրվա ՆԱՏՕ-ն ոչ մի ընդհանուր բան չունի այն դաշինքի հետ, որը գոյություն ուներ սառը պատերազմից հետո: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում ընթացող ՆԱՏՕ/ԵԱԳԽ «Հասարակական ընկալումները ՆՏԱՕ-ի գործողությունների և անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» թեմայով միջազգային սեմինարում, ասել է հասարակական դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոն: Այսօր ՆԱՏՕ-ի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կայունության ապահովումը Բալկաններում, Աֆղանստանում, պայքարը ահաբեկչության և ծովահենության դեմ, համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների հետ և այլն, ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ դաշինքն այսօր զարգանում է երկու ուղղություններով` ռազմական և քաղաքական, և ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության հիմնական առաջնայնությունն է հասցնել հանրության լայն շերտերին տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է ներկայացնում իրենից դաշինքը և ինչով է զբաղվում: Ինչպես ասել է Ժան Ֆրանսուա Բյուրոն, հիմնական դասը, որը դաշինքը քաղեց Կոսովոյից և Աֆղանստանից, կայանում է նրանում, որ դաշինքը առաջիկայում չպետք է նման գործողություններ կատարի առանց տեղի բնակչության պահանջների հստակ ընկալման:

Նա հաղորդել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Լիսաբոնում ՆԱՏՕ-ն կընդունի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որը ներառում է դաշինքի հետագա բոլոր քայլերն ու գործողությունները: Ըստ նրա, հայեցակարգի մշակմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է այն մասին, որ նոր որոշումներ մշակելիս ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել հանրային կարծիքը: