15 հունիսի 2010 - 16:23 AMT
Խոսրովի պետական արգելոցում կառուցվում է հանգստյան գոտի, այլ ոչ թե ռեստորան

«Սխալ կարծիք է տարածվել, թէ Խոսրովի պետական արգելոցում ռեստորանային համալիր է կառուցվում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց բնության համաշխարային հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ըստ նրա, դա ապատեղեկատվություն է, իրականությունն այլ է:

Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ տարածքների պահպանման բաժնի պետ Արամ Աղասյանը, Բայբուրդի շրջանում կառուցվում է այցելուների կենտրոն, որի հիմնական նպատակը տուրիզմի զարգացումն է: «Այսինքն այն մարդկանց համար, ովքեր պիտի գան զբոսաշրջության, սա հանդիսանում է հանգստյան վայր, ոչ թէ հյուրանոց: Կա համապատասխան բնապահպանական ծրագիր, որտեղ հստակ նշված է, թէ այնտեղ ինչ պիտի կատարվի: Ամեն ինչ բնապահպանության նախարարության հսկողության տակ է և որևէ շեղման դեպքում կկատարվի ամեն ինձ, ընդհուպ մինչև կանոնագրի լուծարումը»,- ընդգծել է Աղասյանը:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,ՄԱԿ-ի բնապահպանական կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, շինարարությունն ուղղված է էկո տուրիզմի զարգացմանը, սակայն մտավախություն կա, որ այն արդյունքում կվերածվի բիզնեսի: «Շինարարությունն արդեն խաթարում է էկո համակարգը, իսկ էկո տուրիզմ ասելով հասկանում ենք հատուկ ճանապարհներ, սահմանափակումներ մեքենաների և աղմուկի համար, այն ճանաչողական է, իսկ ստացվաց գումարները պիտի ուղղվեն էկոլոգիական նպատակների համար»,- նշել է Դանիելյանը:

Ըստ Կարինե Դանիելյանիելյանի, նախօրոք պետք է տեղյակ պահվեր հանրությունը, որ նման արձագանքներ չլինեին: