Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն արդեն պաշտպանում են 143 կոնգրեսականներ

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն արդեն պաշտպանում են 143 կոնգրեսականներ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է տարածել ԱՄՆ Կոնգրեսում, որում կոչ է անում գործընկերներին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Շիֆի ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել զոհերին, և Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունն անվանել Ցեղասպանություն:

«Չափազանց երկար է ԱՄՆ-ն լսել Թուրքիայի սպառնալիքներն և շանտաժը: Սակայն երկկողմանի հարաբերությունների պահպանումը չի կարող փոխարինել մեր բարոյական պարտքը, որի էությունը մահացածների հիշատակը հավերժացնելու և նրանց սերունդներին սփոփելու մեջ է, որոնք մեր ընտրողներն են և որոնք գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- գրում է Շիֆը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին կոնգրեսականի գրասենյակը, բանաձևի ընդունմանը կողմ են արդեն 143 կոնգրեսականներ:

«Հաշվի առնելով վերջին ժամանակներում Թուրքիայի պահվածքը` Կոնգրեսը պետք է արտահայտի իր դիրքորոշումը. պե՞տք է արդյոք շարունակենք անտեսել մահացածներին անհավատարիմ ընկերոջը հանգստացնելու համար: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի վերականգնենք մեր բարոյական առաջատարությունը ցեղասպանությունների դեմ պայքարում և հարգենք մեկուկես միլիոն անմեղ կանանց, երեխաների ու տղամարդկանց հիշատակը»,- ասել է Ադամ Շիֆը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---