16 հունիսի 2010 - 13:37 AMT
Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում

Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Պաշտպանության տեսակետից ՀՀ զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում և իրենց ավանդն են ներդնում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին Երևանում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Անկայունությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Ադրբեջանն ու Վրաստանին չի բավարարում ներկա կարգավիճակը`ստատուս-կվոն: Հայկական բանակը տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե որպես հարձակողական, այլ որպես պաշտպանական ուժ, ինչը նշանակում է, որ իրական սպառնալիքը բխում է Ադրբեջանից»,-ասել է Կիրակոսյանը:

Փորձագետը ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ուժերի բալանսը տարածաշրջանում փոխվում է և չի բացառել, որ փոփոխությունը ի օգուտ Ադրբեջանի է: Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը նշել է, որ եթե բարեփոխումները ՀՀ պաշտպանական ոլորտում ինստիտուցիոնալ բնույթ են կրում , ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոռումպացված մարմին է, և հենց այդ պատճառով այսօր դժվար է իրական բարեփոխումներ տեսնել Ադրբեջանի պաշտպանության ոլորտում: «Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ամենաերկարակյաց նախարան է աշխարհում ըստ միջազգային չափանիշների և նրա ռազմական փորձը սահմանափակվում է գրոհային ֆիլմերի դիտումներով»,-ասել է փորձագետը:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, պաշտպանության ոլորտում Հայաստանը ղեկավարվում է այն սկզբունքով, որ բանակի ուժն ու մարտունակությունը կախված է ոչ թե սպառազինությունների քանակից, այլ որակից: Ադրբեջանն, ըստ փորձագետի, այսօր պատրաստվում է ոչ թե 21-րդ դարի, այլ 19-րդ դարի պատերազմի: Փորձագետը հիշեցրեց Ադրբեջանի բանակում տիրող ծանր վիճակի մասին` հավելելով, որ ինքնասպանությունների և սպանությունների քանակն աճում է: Ըստ նրա գնահատականի, եթե նույնիսկ Ադրբեջանն այսօր սկսի բարեփոխումները բանակում, ապա կկարողանա հայկական բանակի մակարդակին հասնել միայն 8-10 տարուց:

Վերջում Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ թույլ և անկանխատեսելի ադրբեջանական բանակն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ հանկարծակի պատերազմի վտանգ կա: