17 հունիսի 2010 - 14:48 AMT
ՀԱՊԿ-ն մտադիր չէ զորախումբ գործուղել Ղրղզստան

ՀԱՊԿ-ն առայժմ հումանիտար և քաղաքական օժանդակություն կցուցաբերի Ղրղզստանին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ՀԱՊԿ-ն մտադիր է արդյոք զենք տրամադրել Ղրղզստանին` Թորոսյանն ասել է, որ առայժմ նման տեղեկատվություն չունի: Նա նշել է նաև, որ չի նախատեսվում զորախումբ գործուղել Ղրղզստան ոչ միայն Հայաստանից, այլ նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներից: «Չեմ կարծում, որ իրավիճակը դրան կհասնի»,-ասել է նա` չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է վատթարանալ, թեև այն այժմ շտկվում է:

Անդրադառնալով Հայաստանի կողմից հումանիտար օժանդակության տրամադրմանը, Թորոսյանն ասել է, որ դեռևս պաշտոնական տվյալներ չկան: «Անշուշտ, մենք մեր կողմից առաջարկություններ կանենք, որոնք, հուսով եմ, կհամապատասխանեն Ղրղզստանի պահանջներին»,-ասել է նա: