ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում նոր օրենք մշակել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ, որ կազմակերպել էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուստամ Մահմուդյանը, ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտությունը, նշել է, որ ՀՀ օրենսդրական դաշտի ու ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիայի միջև անհամապատասխանություններ կան:

Մահմուդյանը նշել է, որ հարկավոր է փոփոխություններ կատարել «Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին» ՀՀ օրենքում, սակայն բոլոր անհամապատասխանությունները շտկելու համար հարկավոր է նոր օրենք մշակել: «Քանի որ գործող օրենքը սոցիալական երախիքներ չի նախատեսում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, օրենքի բազմաթիվ դրույթներ շտկման կարիք ունեն»,-նշել է նա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ առաջին հերթին գործող օրենքում հարկավոր է «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող մարդիկ» բառակապակցությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---