18 հունիսի 2010 - 16:05 AMT
Հունիսի 18-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հունիսի 17-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ արդեն վեցերորդ հանդիպումն է կայանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այսօրվա եռակողմ հանդիպումը շարունակությունն էր նախորդ բանակցությունների»,-ասել է նա:

Ըստ ԱԳ նախարարի, վերջին ամիսների ընթացքում կողմերի միջեւ շփումներն ընթանում էին նախարարների մակարդակով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, որոնք լիովին աջակցվում էին մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ:

«Այսօր, հունիսի 17-ին կայացած եռակողմ հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Նախագահները հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել շփումները: Հանդիպումներ կկայանան նաեւ համանախագահների հետ:

Վաղը` հունիսի 18, կկայանա Հանրապետության նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կայցելեն տարածաշրջան հուլիսի սկզբին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ 2007 թ. նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ:

Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է:

«Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»,-ասել է արտգործնախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: