18 հունիսի 2010 - 16:51 AMT
Բորիս Գասպարյան. Կաշվե կոշիկը դարձավ հարևանների հետ «կաշեգալանտերիական» պատերազմի առարկա

«Աշխարհի հնագույն կոշիկ ասելով մենք նկատի ունենք աշխարհի ամենահին փակ կաշվե կոշիկը, որը հայտնաբերվել է Արենի 1 քարանձավում: Աշխարհում կան հայնտաբերված ավելի վաղ շրջանի ոտնամաններ, բայց դրանք փակ չեն և պատրաստված են այլ նյութերից»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի տնօրեն Բորիս Գասպարյանը հունիսի 18-ին կայացած մամլո ասուլիսում:

Նա հայտնեց նաև, որ համարվում էր, որ 2008թ. սեպտեմբերի 18-ին հայտնաբերված կոշիկն, ըստ հնագետների, պատկանել է միջնադարին` Օրբելյանների իշխանության շրջանին, «սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ այն ունի 5500 տարվա պատմություն և պատկանում է բրոնզե դարին, ինչը հրաշք էր մեզ համար»: Նա ավելացրեց նաև, որ տարբեր լրատվամիջոցներ խեղաթյուրել են այս փաստը` ճիշտ չըմբռնելով որ սա աշխարհի ամենահին փակ կաշվե կոշիկն է և ոչ թե մարդու կրած ամենահին ոտնամանը: «Այս պատճառով կաշվե կոշիկը դարձավ հարևանների հետ «կաշիգալանտերիական» պատերազմի առարկա»:

Արշավախումբը բաղկացած էր երեք երկրների ներկայացուցիչներից` Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա և ԱՄՆ: Առաջին գիտական հոդվածը գտածոի մասին զետեղվել է Plosone գիտական ամսագրում, որից հետո ըստ նախանական պայմանավորվածության, տարածվել է National Geographic գիտահանրամատչելի ամսագրում: ԶԼՄ-ներում տպագրվելուց մեկ ժամ անց աշխարհի հնագույն կոշիկի մասին նյութը կարդացել է 170 մլն մարդ, իսկ հաջորդող երկու օրում` 3 մլրդ մարդ, ինչն ըստ Գասպարյանի, Հայաստանի անունը միանգամից հայտնի դարձրեց աշխարհում:

Արշավախմբի ամերիկյան կողմի տնօրեն, UCLA Կալիֆորնիայի համալսարանի Քոդսենի անվան ինստիտուտի պրոֆեսսոր Գրիգոր Արեշյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց նաև, որ 2007-2009թթ. հայտնաբերվել է 39 քարանձավային համալիր, որտեղ նկատվել են մարդու գործունեության հետքեր, և Արենի 1-ը նրանց մեջ ամենախոշոր քարանձավը չէ: