21 հունիսի 2010 - 13:34 AMT
Արմավիան ուղիղ հաղորդակցություն է բացել դեպի Բարսելոնա

Հունիսի 20-ին Բարսելոնայի միջազգային օդանավակայանում կայացել է «Արմավիա» ընկերության Երևան-Բարսելոն- Երևան ուղիղ չվերթի պաշտոնական բացումը:

Ինչպես հայտնել է Իսպանիայում Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը, եթե առաջ Երևանից Բարսելոնա հասնելու համար պետք էր չարթերային չվերթով մեկնել Եվրոպայի այլ քաղաքներ, ապա այսօր «Արմավիա» ավիաընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում: «Դա, անկասկած, նպաստելու է Հայաստանի և Իսպանիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը»,- նշել է նա:

Իր հերթին, «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանն ավելացրեց, որ ընկերությունը հետևողական է նախանշված պլանների իրագործման հարցում և Երևան-Բարսելոնա-Երևան չվերթն այն չվերթերից է, որոնք «Արմավիան» նախատեսել է բացել ընթացիկ տարում:

Խոսելով ընկերության պլանների մասին` նա ավելացրեց, որ հունիսի 23-ին նախատեսված է Երևան-Վարշավա, Երևան-Նյու Յորք չվերթների բացումը, ինչպես նաև քննարկվում է դեպի Կանադա չվերթ բացելու հնարավորությունը: «Բոլոր այդ չվերթները Երևանի միջոցով նպաստելու են Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ուղիների հաստատմանը»,- ասել է նա: