21 հունիսի 2010 - 15:09 AMT
Առաջիկա ամիսներին կսկսվեն Արփա-Սևան թունելի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

Որոտան գետի հիդրոտեխնիկական շինությունների համակարգում հիմնական տեխնիկական խնդիրները կուտակված են Արփա-Սևան թունելում, որոնց լուծման համար դեռ երկու տարի առաջ Աբու-Դաբիի (Արաբական Միացյալ Էմիրություններ) զարգացման հիմնադրամի հետ կնքվել էր վարկայիյն պայմանագիր: Այդ մասին լրագրողներին հունիսի 21-ին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: «Այս շրջանում վարկային ծրագիրն անցել է բոլոր անհրաժեշտ գործընթացները, ավելի արդյունավետ է դարձել, նախագծային աշխատանքներն արդեն նախապատրաստվել են և այսօր մենք գտնվում ենք դրանց իրագործման համար մրցույթ հայտարարելու փուլում»,- ասել է նա:

Դրա հետ կապված` նա ավելացրեց, որ մրցույթի արդյունքները հայտարարվելու են հաջորդ ամսում և հաղթողի հետ ստորագրվելու է համապատասխան պայմանագիր: Հիմնադրամի տրամադրած միջոցների հաշվին 5 տարվա ընթացքում վերակագնվելու են թունելի 50 կմ երկարությամբ վնասված հատվածները: «Անհապաղ վերանորոգում պահանջող հատվածները վերականգնվելու են, և առաջիկա տարիներին մենք ունենալու ենք թունելի երաշխավորված աշխատանք»,- ասել է Անդրեասյանը:

Անդրանիկ Անդրեսյանը նաև ավելացրեց, որ Արփա-Սևան թունելը շահագործվում է նաև այսօր` ապահովելով 180 մլն խ/մ ցուցանիշ: Վերականգնողական աշխատանքների իրագործման շրջանում թունելի շահագործումը դադարեցվելու է: «Դա կարևորագույն հանգույց է ջրային համակարգում, և մեր սերունդները պարտավոր են աշխատանքային վիճակում պահպանել այն»,- նշել է նա:

Արփա-Սևան թունելը մտնում է Որոտան գետի հիդրոտեխնիկական շինությունների համակարգ: Թունելն անցնում է Սիսիանի և Վայքի տարածքով: Ստեղծված լինելով Սևանա լիճը ջրով ապահովելու համար` թունելն այսօր բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ունի: