21 հունիսի 2010 - 17:12 AMT
ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ. Թոշակային բարեփոխումները հիմք կդառնան Հայաստանում նոր ներդրումային մշակույթի զարգացման համար

Թոշակային համակարգի բարեփոխման շրջանակներում Հայաստանում նոր ինստիտուտների ներմուծումը կարգավորող օրենսդրական դաշտը հիմքեր կստեղծի հանրապետությունում նոր ներդրումային մշակույթի զարգացման համար: հունիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարի շրջանակներում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը: Նրա խոսքով, եթե ներդրումային հիմնադրամերի մասին օրենսդրությունը իրականություն դառնա, ապա Հայաստանում ներդրողների համար հսկայական հնարավորություններ կբացվեն. Նրանք կտեսնեն ծանոթ մեխանիզմներ, օրենքով կարգավորված իրավական դաշտ, ինչը խթան կծառայի Հայաստանում ներդրողների նախագծերի իրականացման, այդ ոլորտում համապատասխան մշակույթի ներմուծման համար: «Հայաստանում ներդրումային հիմնադրամերի օրենսդրության ստեղծման համար օգտագործվել է Եվրամիության, մասնավորապես Լյուքսեմբուրգի ու Գերմանիայի, ինչպես նաև Շվեյցարիայի փորձառությունը: Մենք վստահ ենք, որ նրանք իրենց հետ ներդրումային մշակույթ կբերեն, և դա անմիջականորեն կաջակցի այն բանին, որ տեղական ընկերությունները կբարձրացնեն իրենց մակարդակը, կդառնան մրցունակ, ավելի թափանցիկ և ավելի մտածված նախագծեր կառաջարկեն»,- ասել է նա:

Հայաստանը ծրագրում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն անցնել 2011 թվականից, իսկ 2014-ից` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Ահարոն Չիլինգարյանն ընդգծել է, որ եթե կուտակային թոշակային համակարգի մասին օրինագիծը գտնի իր տեղը, ապա «ստվերի» համար տեղ չի մնա, «հետևաբար օրինագիծը նույնպիսի արդյունք կտա, ինչպես տնտեսական առումով նման երկրներում»: Ընդ որում, նա նշել է, որ բարեփոխումների մշակման համար օգտագործվել է տնտեսական առումով Հայաստանին նման երկրների, մասնավորապես Էստոնիայի, Մակեդոնիայի փորձառությունը: «Մենք փորձում ենք այնպիսի համակարգ ստեղծել, որը կաշխատի և կզարգացնի արժեթղթերի շուկան: Ինչի արդյունքում կզարգանա նաև ֆինանսական շուկան»,- ավելացրել է մասնագետը:

Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանին նշված բարեփոխումները կյանքի կոչելու համար, ապա ԿԲ Խորհրդի անդամը դժվարացավ դրանք սահմանել` նշելով, որ թոշակային համակարգի բարեփոխումը քննարկվում է 2006 թվականից ի վեր, և այժմ «Կուտակային թոշակային համակարգի մասին» օրինագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողովում: «Անհրաժեշտ է հսկայական ջանքեր գործադրել, որպեսզի բարեփոխումներն ընթանան նշված ժամանակացույցով և ընթացքում խնդիրներ չառաջանան»,- ասել է նա:

ՀՀ ԿԲ ներկայացուցիչը համաձայնել է, որ չնայած Հայաստանում արժեքթղթերի շուկան կարգավորող օրենսդրության առկայությանը, դրա զարգացումը դանդաղ տեմպերով է առաջ գնում: «Մենք փորձում ենք այդ նոր գործիքի միջոցով ակտիվացնել այդ դաշտը»,- նշել է նա:

Կայացած սեմինարի կազմակերպիչներն էին ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության թոշակային և աշխատաշուկայի բարեփոխման ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խումբն ու թոշակային բարեփոխումների մասին հասարակայնությանը տեղեկացնելու ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատանքային խումբը: