21 հունիսի 2010 - 20:17 AMT
Վերաօծվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին

Հունիսի 19-ին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Նշխարաց Գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գևորգ VI դարի եկեղեցու վերաօծման արարողությունը:

Օծվեցին Սուրբ Սեղանը, Խորանը, Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վռամ աբեղա Ղազարյանը:

19-րդ դարի վերակառուցողական աշխատանքների շնորհիվ, որի ժամանակ հավելվել է նաև եկեղեցուն կից զանգակատունը, ներկայումս եկեղեցին գրեթե ամբողջական տեսքով է: 2009թ. եկեղեցին վերանորոգվեց Գուգարաց թեմի առաջնորդարանի և «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի Ստեփանավանի տարածաշրջանի գրասենյակի համաֆինանսավորմամբ, հաղորդում է Գուգարաց թեմի մամլո դիվանը: