Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերն ու սցենարները պետք է հավասարակշռություն ապահովեն

Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերն ու սցենարները պետք է հավասարակշռություն ապահովեն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում ընթացող այցի շրջանակներում հունիսի 22-ին ելույթ է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Իր «Հայաստան. Հանուն անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի» ելույթում նախագահը մասնավորապես, ասել է, որ աառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաև տարածքներ, որոնց թվում էր նաև Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան:

«Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ: Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է»,-ասե է Սերժ Սարգսյանը:

Ըստ ՀՀ նախագահի, հետճգնաժամային հասարակություններում քաղաքական գործչի համար ամենահեշտ, գուցեև ամենագայթակղիչ լուծումը ազգայնական քարտը խաղարկելն է: Պատերազմներից, ճգնաժամերից, տնտեսական անկումից դուրս եկող հասարակության համար դա կարող է ընկալվել որպես փրկարար փարոս. “Ես ձեզ կփրկեմ, որովհետև դուք իմ տեսակն եք”: Բայց սա խաբուսիկ լուծում է, գուցեև ունակ ապահովելու հասարակության ներքին ուժերի կարճատև համախմբումը: Բայց սա ապագային ուղղված լուծում չէ: Չի կարող լինել: Անիմաստ է վթարային շենքում փորձել վերանորոգել սեփական բնակարանը և հուսալ, որ ապահովել ես անվտանգությանդ խնդիրը: Առավել ևս չի կարելի սեփական անվտանգությունը կամ բարեկեցությունը կառուցել հարևանի հաշվին: Հարևանները նման քայլերը հեշտ չեն մոռանում: Դեպի հարևան շենք տանող մեկ-երկու խողովակը չի կարող ապահովել ո՛չ անվտանգությունդ, ո՛չ բարեկեցությունդ, առավել ևս` էականորեն մեծացնել բնակարանատերի նշանակությունն այլոց աչքում:

«Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին “համաշխարհային նախագիծ”, “դարի նախագիծ” և այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի “համաշխարհային” լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին: Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող “անվտանգությունն ու բարեկեցությունը”: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր «բարիքները»:

Այդ առումով կարևոր է, որ բոլոր հետագա ծրագրերն ու սցենարները բերեն հավասարակշռության ապահովմանը, ոչ թե հակադրությունների սրմանն ու ուժային լուծումների գայթակղության խորացմանը»,-ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---