23 հունիսի 2010 - 13:30 AMT
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին բախումը տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի սադրանքի հետևանք է

Իրանը թույլ չի տա, որ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ամերիկյան ուժեր տեղակայվեն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին բախումը տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի սադրանքի հետևանք է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Ցանկացած հակամարտություն պետք է ունենա խաղաղ լուծում, ցանկացած հակամարտություն միայն վնասում է երկրին: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,-ասաց իրանցի դիվանագետը` հավելելով, որ Իրանը վստահաբար բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը միջկրոնական հակամարտության բնույթ հաղորդելու ադրբեջանական ջանքերին, ապա Սեյեդ Ալի Սաղայանը նշեց, որ Իրանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում միշտ հայտնել է իր անհամձայնությունը ղարաբաղյան խնդրին նման երանգ հաղորդելուն: Խոսելով Ղարաբաղում օտարերկրյա ուժերի հնարավոր ներկայության մասին` դեսպանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ Ֆիզուլիի շփման գծում Միացյալ Նահանգները մտադիր են տեղակայել իրենց ուժերը, ինչն Իրանը թույլ չի տա: «Իրանը միակ երկիրն է, որն անմիջապես գտնվում է ղարաբաղյան հակամարտության անմիջական հարևանությամբ, ուստի այս հարցը մենք համարում ենք մեր ազգային անվտանգության ապահովմանն առնչվող հարց: Սակայն, դեռ վաղ է խոսել նման ուժերի տեղակայման մասին, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները դեռ ընթանում են»,-ասաց Հայաստանում Իրանի դեսպանը:

Դեսպանը հավելեց, որ Իրանը կարող է լավ դերակատարություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում` հաշվի առնելով Թեհրանի սերտ ու ջերմ շփումները տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանող բանաձևը` դեսպանը հայտարարեց, որ նման պատժամիջոցները վերջին 30 տարում միայն համախմբեցին Իրանի ժողովրդին: Ըստ դեսպանի, այդ պատժամիջոցները չեն անդրադառնա երկրի վրա և չեն սահմանափակի Իրանի զարգացումն ու նրա խաղաղ միջուկային ծրագրի շարունակությունը: