23 հունիսի 2010 - 17:13 AMT
Դեսպան Գագիկ Ղալաչյանը հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին

Հունիսի 21-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ:

Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ ունեցավ Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ:

Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարեւորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունեց նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն ուղղված` Հայաստան այցելելու հրավերը: Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ զրույցում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկեցին բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ նախագահը Ալբանիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան` կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել այցն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: