23 հունիսի 2010 - 18:06 AMT
Ճգնաժամը բացահայտեց Հայաստանում ռիսկ-մենեջմենթի հիմքերի ներդրման անհրաժեշտությունը

«Հայաստանի բախտը բերել է, որ ճգնաժամը մի կողմից այնքան ուժեղ չի վնասել, բայց մյուս կողմից բավականաչափ է վնասել, որպեսզի երկրում սկսեն մտածել ռիսկ-մենեջմենթի հիմքերի ներդրման մասին»,- Երևանում լրագրողներին ասել է «Այբ» Կրթական հիմնադրամի և Ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը: Ընդ որում, նա խորհուրդ է տվել «շարունակել մտածել ռիսկ-մենեջմենթի հիմքերի ներդրման մասին` նշելով, որ ամենակարևորն այն է, որ «դրանց ներդրումը պետք է ընթանա ոչ թե վակուումում, այլ տեղական առանձնահատկություններին համապատասխան», այսինքն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի ռիսկեր են կարևոր Հայաստանի համար, և կառավարել հենց դրանք: Այդ կապակցությամբ Արթուր Բերդն ասել է, որ տեղեկացված է այն մասին, որ հայկական ընկերություններում ռիսկ-մենեջմենթի մշակույթը թույլ է զարգացած, իսկ առևտրային բանկերում լավ մոտեցում կա:

Հունիսի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Արթուր Բերդը վարպետության դաս անցկացրեց «Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել և նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում և կյանքում» թեմայով:

Արթուր Բերդը ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում: Գիտությունների թեկնածուի աստիճանն ստանալուց հետո զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Ուոլ Սթրիթի առաջատար կազմակերպություններում` Morgan Stanley, Goldman Sachs, Lehman Brothers: Ճանաչվել է ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից: Վերջերս սկսել է աշխատել ներդրումային ընկերություններում, և այժմ ֆրանսիական հեջային ֆոնդում վերահսկում է ներդրումների ռազմավարությունը ռիսկային ակտիվների շուկաներում: